Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կառավարության ռազմավարական ծրագրերում առանցքային տեղ է հատկացված գիտելիքահեն հասարակության կայացմանը»

«Կառավարության ռազմավարական ծրագրերում առանցքային տեղ է հատկացված գիտելիքահեն հասարակության կայացմանը»
15.05.2014 | 13:01

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է մայիսի 14-16-ն անցկացվող Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ողջունելով վեհաժողովի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մեծապես կարևորել է Հայաստանում եվրոպական տարածքի բարձրագույն կրթական հիմնահարցերին նվիրված միջոցառման անցկացումը, հատկապես հաշվի առնելով, որ մեր երկիրը բոլորովին վերջերս է անդամակցել Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիային:
«Ասոցիացիայում Հայաստանի ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը լիովին համահունչ է մեր երկրում բարձրագույն կրթական համակարգի լայնածավալ բարեփոխումների քաղաքականությանը, որը սկիզբ է առել դեռևս 2005թ.-ին` Բոլոնիայի գործընթացին Հայաստանի միանալով: Բոլոնիայի գործընթացին մեր կողմից տրվող կարևորությունն արտացոլված է ՀՀ կողմից՝ 2012 և 2015 թվականների Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի քարտուղարությունը ստանձնելու և 2015 թվականին Երևանում Բոլոնիայի նախարարական գագաթաժողովն անցկացնելու մեր հանձնառություններում:
Սա լավ հնարավորություն է սերտացնելու մեր համագործակցությունը բարձրագույն կրթական ոլորտում եվրոպական երկրների հետ՝ ի նպաստ ակադեմիական կրթահետազոտական փոխանակման ծրագրերի և բուհական կրթության որակի ամրապնդման»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերում առանցքային տեղ է հատկացված գիտելիքահեն հասարակության կայացմանը: Դա, Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ, հատկապես կարևորվում է երկրի բնական և ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պայմաններում:
«Գիտելիքի վրա հիմնված կառուցվող տնտեսության վառ ապացույցներ կարելի է գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների և նորագույն ինժեներիայի բնագավառներում, որոնք այսօր հանդիսանում են լայնածավալ օտարերկրյա ներդրումների ներգրավող մեր երկրի ամենաարագ զարգացող տնտեսության ճյուղերը»,- փաստել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը գոհունակություն է հայտնել վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ՝ Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողովի գումարման առնչությամբ, որը կրում է «Աշխատանքի շուկայի համար որակավորումներ» խորագիրը: Թեմայի ընտրությունը, Հովիկ Աբրահամյանի խոսքով, վեր է հանում բարձրագույն կրթության ոլորտի արդիականացման համատեքստում բուհ-աշխատաշուկա, ուսանող-գործատու բևեռների մոտեցման, ինչպես նաև հիշյալ ոլորտներում առկա հնարավորություններն ու մարտահրավերները գնահատելու և դրանց առավելություններն արդյունավետ օգտագործելու առաջնահերթությունները:
Վարչապետը նշել է, որ այդ առումով, առանձնակի գնահատելի է Հայաստանում նմանատիպ միջոցառումների և հանդիպումների անցկացումը, քանի որ դրանք ոչ միայն համատեղ աշխատելու և բարձրագույն կրթական ոլորտի խնդիրների լուծման շուրջ որոշումներ կայացնելու հարթակ են, այլ նաև համագործակցության նոր կամուրջներ՝ դժվարությունների հաղթահարման և նոր ավանդույթների ձևավորման համար:
Կրթության ոլորտին առանձնակի ուշադրության արժանացնելու համար Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը ՀՀ վարչապետին պարգևատրել է Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով:

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ